Աղբյուրներ

Ի՞նչ եմ ուզում՝ որպես հայ

23 ԱՊՐԻԼ 2015 / 

Ռոբեր Քոփթաշ

Հայ եմ: Առանձնակի հպարտությամբ ու այդ տեսակ բաներով չէ: Հայ՝ ըստ պատահմունքի... Տիեզերքի՝ իմ իմացությանն անհայտ գաղտնիքների բերումով ծնվեցի Հակոբջանից ու Մարիցայից: Կարող էր պատահել, որ Հասանից ու Մելիքէից ծնվեի, կամ էլ՝ Հանսից ու Մարթայից, կամ, թեկուզ, Հայիմից ու Մայայից... Ինչ խոսք, նման պարագային պատմությունս մի քիչ այլ կլիներ, բայց այդպես չեղավ: Ինձ լույս աշխարհ բերեցին Հակոբջանն ու Մարիցան: Թուրքիայում՝ Ստամբուլի մեջ... Հայ եմ: Ոչ հատուկ հպարտությամբ ու նմանօրինակ ինչ-ինչ բաներով հանդերձ: Պատահմամբ:

Հայ եմ: Ասել է թե, ըստ ոմանց, ինչ էլ ուզեմ, «շատ է», ինչ էլ ուզեմ, «թող նա իր չափը ճանչնա», ինչ էլ ուզեմ, «հո չասի՞ր», ինչ էլ ուզեմ, «ես ո՞վ եղա որ»...

Այս ամենը գիտեմ, ապրել եմ, տեսել եմ: Սակայն ինչպես հում կաթնակերն ուզում է և վերջ, ես էլ ահա իր պես... Ինչ-որ բաներ եմ ուզում: Երազում եմ: Երազել եմ ուզում:

Սա անձնական գրվածք է: 2015 թվի ապրիլի 24-ի, այսինքն՝ հարյուր տարի առաջ տեղի ունեցած և «երթա ու էլ չգա» խոսքերով բնութագրված այն սև օրերի հարյուրամյա տարելիցի նախօրեին, ես ուզեցի գրել այդ մասին, այսուայն բաների մասին և նաև՝ իմ մասին, այն մասին, թե ինչ եմ ես ուզում: Իրականում՝ պարզապես բեռից՝ հայ լինելու բեռից մի քիչ ազատվել, այդ բեռը փոքր-ինչ թոթափել կարողանալու համար և ունակ լինելու մի քիչ ավելի թեթևացած նայել սպասվող ապագային:

Սա անձնական գրվածք է: Ո՛չ որևէ մեկին ներկայացնելու, ո՛չ էլ հեղինակից բացի այլ հայերի մտքերը, զգացումներն արտացոլելու դիտավորություն չունի: Այն ժողովումն է Ստամբուլում՝ Քուրթուլուշի մեջ, արմատներով Անատոլիայից սերող մի հայկական ընտանիքում ծնունդ առած և մեծացած մահկանացուիս մտքերի, որ բյուրեղացել են հընթացս իմ ապրումների, ազդեցությունից այն միջավայրերի, որտեղ ես հայտնվել եմ, արված աշխատություններից, սեփական կյանքի փորձից:

Գրվածքի հիմունքը սահմանում է խորագիրը: Որպես հայ և որպես անհատ՝ ի՞նչ սպասելիքներ ունեմ ապագայից՝ 1915-ի աղետի հետ կապված: Այս խնդրի կողմերից ի՞նչ եմ ուզում:

Փորձեմ հնարավորինս հստակ ու պարզ կերպով շարադրել այս հարցերի պատասխանները: Փոքր-ինչ երկար է լինելու, խիստ չդատե՛ք:

Սկզբում կուզենայի ներկայացնել մտորումներս 1915-ին և հաջորդող մի քանի տարվա ընթացքում այս հողերում ապրող հայերի գլխին եկածների, վտարված մարդու կորստի և սրա հետ կապված ամեն տեսակ կորստի, «գեթ մի կերպ ետ չեն կարողանա դառնալ» կորած-գնացածների վերաբերյալ:

Մահացողները մահացան, տառապողները տառապեցին, ունևորներն ընչազուրկ դարձան: Նրանց կյանքը, երկիրը, տները, մասնագիտությունները, երգերը, դպրոցները, եկեղեցիները, ձայները, աշխատանքները, ուտելիքները, պատմությունները, հիշողությունները, ամենը՝ մեր մտքից եկող ամեն բան, խլվեց նրանց ձեռքից: Բնաջնջվեցին, կորցրեցին, երկրի երեսից սրբվեցին:

Այս ոչնչացումը, այս կորուստը, վաղն ինչ էլ որ պատահի, թեկուզ առկա բոլոր հարթակներում ընդունվի, թեկուզ հնարավոր ամենաիրական ներողությունը խնդրվի, թեկուզ միլիարդավոր լիրաներ ծախսվեն ի փոխհատուցում, թեկուզ ամենագեղեցիկ խաղաղության օրերը գան, թեկուզ ապրել շարունակող ամեն հայի դիմաց կարմիր գորգեր փռեն, միևնույն է՝ անջնջելի է, անշրջելի:

Նկատի ունեմ՝ նույնիսկ եթե սույն գրության մեջ «ուզում եմ այսպես լինի» ասելով ամեն ինչ իր տեղն ընկնի, միևնույն է՝ անցյալին վերաբերող ոչ մի բան հնարավոր չի լինի փոխհատուցել: 1915-ին տեղի ունեցած, այս հողերում տեղ գտած իրողություններն անդառնալի կորուստների պատճառ դարձան: Դուք, մենք, նրանք, ինչ էլ որ անենք, լինի դա այսօր, թե՝ վաղը, այս իրականությունը չի փոխվելու: Վերջակետ:

Այս վերջակետը, կարծես, երկրագնդով մեկ սփռված յուրաքանչյուր հայի ինքնությանը կպնող, մեզ մի քիչ վշտացնող, սակայն առավել խելագարեցնող, կարծես, բացատրության և սահմանման չենթարկվող մի գենետիկ տեղեկություն լինի: Ես էլ չեմ փորձի բացատրել ավելին: Միայն գրեմ այն մասին, որ խնդրո առարկա հանդիսացող հայերին անհրաժեշտ է հիշողության մեջ պահել նման անբացատրելի և ոչ շոշափելի մի խենթության, իր ուժը խորքային մի տխրությունից քաղող այս խենթության դիպվածները: (Եվ ես կարծում եմ՝ այս իրավիճակը, այս դրությունը ստեղծվեց, անշուշտ, 1915-ին տեղի ունեցածների, բայց, առավելապես, այն ժամանակ տեղի ունեցածները 100 տարի շարունակ ժխտելու հետևանքով: Սակայն այս խենթության խնդիրը մեկ այլ բանավեճի թեմա է, և ես այստեղ դրանում չեմ խորանա):

Այո՛, անհնար է փոխհատուցել անցյալը, սակայն 1915-ից փրկվածների համար կյանքն, ի վերջո, ինչպես էլ որ շարունակվի, և այսօր էլ այն մի կերպ շարունակվում է, միևնույն է՝ մեծ կարևորություն ունի, և, հատկապես, Թուրքիայի այս պատմությունը պատշաճ կերպով հիշելու, դրա հետ առերեսվելու հնարավորության տեսանկյունից, նաև՝ իմանալու համար, թե ինչպես կարող ենք մենք ապրել այսօր և վաղը, այն կենսական նշանակություն ունի: Ահա այս պատճառով, 1915 –ը բացառապես անցյալինը չէ, միևնույն ժամանակ՝ ապագայի խնդիրն է:

Այս առումով, ամենից շատ ուզում եմ, որ Թուրքիան, վերջապես, այս պատմությունը, մարդկային այս կորուստը, ցավը ընդունող, դրանք չխեղաթյուրող, չօրինականացնող, պատճառաբանություններ չփնտրող, զոհին չմեղադրող, առևտուր չանող մի նոր կեցվածք որդեգրի: Այսինքն՝ ճիշտ հակառակն այն ամենի, ինչ անում է մինչ օրս... Անկեղծ մի առերեսում, իրականությանը համապատասխան մի պատմագրություն և, որպես արդյունք, մի տեսակ տխրություն, մի տեսակ շփոթություն. մեղավորություն չէ, սակայն մի տեսակ պատասխանատվության զգացում և այս տեսակ զգացումների շարունակությունը հանդիսացող որոշ կոնկրետ քայլեր:

Կարճ ասած, ահա այս նախադասությունների շարքի պես մի բան եմ ուզում լսել (սա շատ եմ ուզում). «1915-ին այս հողերում հայերը (և ասորիները), ովքեր պետության քաղաքացիներ էին, իրենց կառավարող և հարևան հանդիսացող մարդկանց կողմից սպանվեցին: Stop. Նրանց միակ մեղքը իրենց էթնիկական և կրոնական պատկանելությունն էր: Stop. Սա մարդկության դեմ գործած մեծագույն հանցանք էր: Stop. Այս մեղքը դատապարտում ենք: Stop. Խոստանում ենք, որ չի կրկնվելու և ապագայում կանենք մեր ձեռքից եկած ամեն բան, որպեսզի կարողանանք միասին ապրել խաղաղության մեջ: Stop. Այսուհետ ոչ թե մեղսագործներին, այլ զոհերին ու նրանց փրկել փորձող մեր հայրերի հիշատակն ենք ոգեկոչելու: Full stop.»:

Ահա այսքանը: Ես երազում եմ, որ մենք կունենանք մտքի ու խղճի քաղաքական կեցվածք, որը ունակ կլինի իրական կիրառություն տալու այս նախադասություններին՝ առանց որևէ «բայց»-ի: (Եւ, տարօրինակ կերպով, չնայած 37 տարի է ապրում եմ, և կյանքը ճիշտ հակառակն է ցույց տալիս, ես միևնույն է հավատում եմ, որ մի օր այս նախադասություններում նախանշված արժեքներով առաջնորդվող Թուրքիա ենք ունենալու):

Գիտեմ՝ այս հոդվածն ընթերցողներից ոմանք միանգամից կվերհիշեն վերջին երկու տարիներին հնչած՝ Էրդողանի և Դավութօղլու ապրիլյան ցավակցական ուղերձները. «Չէ՞ որ Թուրքիան արդեն մահացածների հիշատակին իր ցավակցությունն ու տխրությունն է հայտնում: Ավել ի՞նչ ես ուզում», - հարցն է հնչվելու: Հասկանում եմ՝ ինչու է այս հարցը հնչվում, բայց ես բոլորովին դա նկատի չունեմ:

Այո՛, վերջին երկու տարվա հայտարարությունները Թուրքիայի՝ իթթիհաթականների (İttihatçı` İttihat ve Terakki Cemiyeti՝ հայերեն «Միություն և առաջադիմություն», երիտթուրքերի կուսակցության անդամ, հետևորդ, գաղափարակիր կամ կողմնակից – ծնթ. թարգ.) ժամանակներից ի վեր որդեգրած պաշտոնական դիրքորոշման մեջ, այն է՝ «Ոչ մի բան չի եղել: Իսկ թե եղել է, հայերն են արել: Պատերազմական միջոցներ էին: Ոչ ոք չի սպանվել: Մահացողները հիվանդություններից են մահացել», կարևոր մի փոփոխություն են նշմարում: Նշմարում են, քանզի պաշտոնական հաղորդակցության մեջ առաջին անգամ հայերի կորուստների և տառապանքի վերաբերյալ հարգալից լեզու է առաջ գալիս: Այս հարգալից լեզուն կրկին այն զարգացումներից է, որ երազել եմ անցյալից ի վեր և չեմ կարող պնդել, թե անկարևոր է:         

Սակայն թերի բաներ էլ շատ կան: Եթե իրականությանը նայենք, մի բան չէ, շատ բան կա թերի մնացած: Ահագին շատ:

Բացատրեմ...

Այո՛, խնդրո առարկա հանդիսացող ցավակցական ուղերձները ցայսօր հնչած արտահայտությունների շարանում արմատական և կարևոր փոփոխություն են ներբերում, մահացածների հանդեպ հարգալից լեզու է կիրառվում: Սակայն որոշ բաներ ամենևին չեն փոխվում: Զորօրինակ, հայերի գլխին եկած արհավիրքները դեռևս 1-ին Աշխարհամարտով պայմանավորված կորուստների հետ միասին է դիտարկվում: Հայերի կորուստները չեն դիտարկվում որպես տիրակալ պետության կողմից սեփական քաղաքացիների դեմ գործած հանցանք: Հայերի մասին խոսվում է, որպես թե, հերթական բնական ողբերգության հետևանքով մահացածների: Այս վերաբերմունքը մթագնում է իրականությունը: Այդ մառով պատված եզերքն էլ չի փշրվում՝ անցյալում պետական պատմագիրների կողմից մեկը մյուսի վրա դարսած ստերի պատճառով:

Զորօրինակ, այդ հայտարարություններում բացեիբաց չի արտացոլվում այն ամենը, ինչ պատահել էր հայերի հետ, այս կամ այն տեսակի սահմանումներ չեն տրվում: «Ի՞նչ է եղել» հարցի պատասխանն այդպես էլ շարունակում է մնալ մշուշապատ արտահայտությունների ետևում:

Զորօրինակ, մեղավորների ով լինելը չի բացահայտվում: «Ո՞վ արեց» հարցի պատասխանին ընդհանրապես չեն անդրադառնում: Օրինակ, կատարվածներն ու կատարողները չեն դատապարտվում, չեն պախարակվում:

Զորօրինակ, ցավակցությունների բնական արդյունք հանդիսացող անհրաժեշտ քայլերի առումով որևէ պատասխանատվություն չի սահմանվում:

Դեռ երկար կարող եմ այս տեսակ հարցադրումներ անել, սակայն ասելիքս այն է, որ 2014 և 2015-ի ցավակցությունները, ինձ համար ոչ թե անցյալի իրականությանն առերեսվել էր նշանակում, այլ «Ի՞նչ անենք, որ այս անիծյալ խնդրի ճիրաններից առավելագույնս թեթև վնասով դուրս գանք» խորագիրը կրող երևույթ:

Մինչդեռ իրական ցավակցությունը ենթադրում է վշտակցում հայտարարել մահացածների կապակցությամբ, բացի այդ՝ այդ ցավակցության պատճառ հանդիսացած պատմական դերակատարների դատապարտում և նրանց գործողությունների զոհերի հիշատակին ապագայում արվելիք գործողությունների ծրագրում:

Եւ, իհարկե, քանի որ սա շատ խորը, շատ խրթին, շատ ծավալուն խնդիր է, զարգացվելիք նոր մոտեցումը, տարին մեկ անգամ ցավակցական հայտարարություններով չամբողջանալու չափ լայն, երկարաժամկետ, պահանջկոտ, մտածված ծրագրի արդյունք պետք է լինի: Իսկ այսօր նման ծրագրի բացակայությունը բոլորս տեսնում և գիտակցում ենք: Միայն այս վերջին տաս օրերին 1915-ի հետ կապված Թուրքիային առերեսման կոչելու պատճառով Արևմուտքի հասարակական կարծիքի ցույցաբերած արձագանքի զորությանը եթե նայեք, կնկատեք, որ ասպարեզից բացակայում է ամբողջական և բարի մտադրությամբ մի մոտեցում, իրականում, շատ բան էլ չկա, որ կարելի է անվանել «նոր»:

Շատ լավ, իսկ եթե նման ծրագիր լիներ, ինչե՞ր այն իր մեջ պիտի ներառեր:

Զորօրինակ, ամենապարզ բաները, դասագրքերից առկա ամեն տեսակի ցեղապաշտական և ազգայնամոլական պնդումները հանելու մասին դրույթը կներառեր, կարծում եմ: Օրինակ, ամենայն հավանականությամբ, կհայտարարվեր, որ սրանից հետո բոլոր հարթակներում հայերի հետ կապված պատմական ճշմարիտ տեղեկություններ են տարածվելու: Օրինակ, կարծում եմ՝ կարող էր խոսվել պետական շենքերը, կառույցները և տեղանունները իթթիհաթական պարագլուխների անուններից մաքրելու և նմանատիպ մի շարք կոնկրետ քայլերի դիմելու վերաբերյալ: Ահա այս տեսակ բաներ... Ի հավելումն կարող եք գրել ձեր մտքին գալիք յուրաքանչյուր բան:

Այս ամենից զատ, կարծում եմ՝բավարար կամք կգործադրվեր ցուցադրելու և վերականգնելու հայերի՝ մինչ օրս ոչնչացված և անտեսված մշակութային ժառանգությունը: Ամեն դեպքում, անհրաժեշտ հանձնառարություններ պիտի տրվեին՝ պաշտամունքատեղիները վերականգնելու, դրանցից յուրաքանչյուրն իր հիմնման նպատակին համապատասխան գործածելու համար: Կարծում եմ նաև, որ հայերից խլված ամբողջ գույքի վերադարձման և փոխհատուցման մեխանիզմ կիրառելու հրահանգ կտրվեր...

Ահա ես փորձեցի բացատրել, թե որքան անհրաժեշտ է 1915-ի և հայերի վերաբերյալ տեսակետն արմատապես փոխել դեպի ոչ-պաշտպանողական, իրատես և ամեն տեսակ ազգայնական բարդույթներից ազատված տեսակետի... Միայն սրանից հետո կարելի կլինի Հայաստանին և ողջ աշխարհի հայերին ասել. «Մենք, իրոք, այս ցավին առերեսվել ենք ուզում և պատրաստ ենք հայերի հետ մի սեղանի շուրջ բարեկամաբար իրար կողք-կողքի գալ ու քննարկել դրա համար կատարվելիք անհրաժեշտությունները»: Այսինքն՝ եթե մի բան ասվելու է, եթե իսկապես ցանկություն է լինելու մի բան ասել, ապա պիտի հենց այսպես ասվի: Նկատի ունեմ, որ «Մենք ձեզ ահա ինչեր ու ինչեր բարեհաճեցինք, իսկ դուք դեռ չեք հասկանում, վախկոտնե՛ր»  վերաբերմունքով ո՛չ առերեսվել կստացվի, ո՛չ էլ խաղաղություն կլինի:

Միայն նման քայլերի դիմելու դեպքում հայերն ու ողջ աշխարհը կկարողանան լրջորեն հավատալ Թուրքիային՝ այս հարցի առումով: (Տեսե՛ք, հատկապես, անկեղծություն չեմ ասում, լրջություն եմ ասում):

Միայն նման քայլերի դիմելու դեպքում հայերը և թուրքերը, ավելի ճիշտ՝ հայերի և թուրքերի ներկայացուցիչները, լավատեսական ոգով տոգորված, կկարողանան համախմբվել և որոշել համատեղ ապագայի տեսլականը:

Այն էլ հավելեմ՝ ասել հայեր և Հայաստան ասել նույնը չէ: Հայաստանը, անշուշտ, հայի իրականության մեջ մեծ դերակատարում և նշանակություն ունի: Սակայն տասնամյակներ շարունակ բանսարկվող սփյուռքը հենց միայն  1915-ի հետ կապված, խաղաղության, հաշտեցման հետ կապված բանակցություններում, ամենաքիչը, Հայաստանի չափ կողմ է, խոսքի տեր է: Այսօր աշխարհի չորս կողմով մեկ տարածված սփյուռքում Հայաստանում ապրող հայերից եռակի շատ հայ է ապրում, և չի կարելի, սփյուռքը դուրս մղելով, նրան սատանա հանելով, թուրք-հայկական խաղաղություն կառուցել:

Սփյուռքի թեման շարունակելով՝ կուզեմ խոսել այն մասին, թե ինչ եմ հայերից ուզում, սակայն մինչ այդ միջանկյալ թեմա բացեմ և պատմեմ, թե ինչ եմ ուզում երրորդ կողմերից, հատկապես՝ Արևմուտքից:

Արևմուտքի՝ Թուրքիային ուղղված 1915-ի խնդրին առերեսվելու կոչերով հայտարարությունները, անկասկած, կարևորում եմ: Սակայն կարծում եմ՝ այս կոչերը, շատ դեպքերում, կեղծավոր են, հաշվենկատ և ազնվությունից հեռու: Մեծ Արևմուտքի պետությունների մեծ մասին է պատկանում 1-ին Աշխարհամարտին թափված արյան զգալի մասնաբաժինը: Այսօր էլ աշխարհի համակ չորս կողմում ակոս-ակոս հոսող արյան պատճառ հանդիսացող իմպերիալիզմ (կայսերապաշտություն – ծնթ. թարգ.) երևույթը գեթ մեկ ստից չէ, որ բաղկացած է, և ժամանակաշրջանի մեծ պետություններից յուրաքանչյուրը՝ Ֆրանսիայից մինչև Բրիտանիա, Ցարական Ռուսիայից մինչ Օսմանյան Կայսրություն, Գերմանիայից մինչ Ավստրո-Հունգարիա ծավալված բոլոր ուժերը, այս իմպերիալիստական պատերազմի մասն էին կազմում: Այսօր թուրքերին անցյալի հետ առերեսվելու կոչեր անողները, այս կոչն իրենց նմանատիպ մեղքերի և մեղսակցությունների համար չգործածելու պարագային, չեն կարող ակնկալել, որ իրենց ցանկությունները դրական արձագանք կգտնեն Թուրքիայի և թուրքերի կողմից: Այնինչ թուրքերի և հայերի միջև խաղաղության կոչ անող ամեն մի դերակատարի պատասխանատվությունը ենթադրում է իրական վերաբերմունք, որը միայն և՛ հայերի, և՛, անկասկած, թուրքերի մոտ դրական փոփոխությունների ուղի կբացի:  Այս վերաբերմունքը հաղթող կլինի միայն այն դեպքում, երբ թուրքերին պատասխանատվության կանչելիս, նախևառաջ, սեփական բակը մի լավ մաքրեն:

Գերմանիայի գլխավոր շտաբը իթթիհաթականների ռազմական ընկերն էր: Գերմանացի երիտասարդ սպաներից շատերն իրենց փորձը կուտակեցին 1915-ին Անատոլիայում: Գերմանացիները, լինելով այս մեղսագործության հանցակիցները, կարևոր դեր են խաղացել աքսորի և կոտորածի կազմակերպման մեջ: Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը ճիշտ այնպես, ինչպես ռազմաճակատի հակառակ կողմում գտնվող գերմանացիները և օսմանցիները, ուզում էին իրենց տիրապետությունը հաստատել իրենց չպատկանող հողերի վրա, դրանք բաժանելու պլաններ էին մշակում և այդ պատճառով էլ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնում: Անշուշտ, երբ հայերը սպանվում էին Անատոլիայում, նրանց մեջ գտնվեցին մի քանի խղճով գերմանացի, ամերկացի, դանիացի, նորվեգացի և այլ ժողովուրդներից մարդիկ, ովքեր ջանք չէին խնայում այս մեծ հանցագործության կանխարգելման համար. շատ լավ, բայց ի՞նչ արեցին ինքնին արևմտյան երկրները: 2-րդ Աշխարհամարտին  տարածաշրջանը ասուպի վերածելու հաշվին Իսրայել պետությունը հիմնած  Արևմուտքն ինչո՞ւ դրանից դեռևս 30 տարի առաջ թիկունք թեքեց հայերից: Լա՛վ, իսկ պատերազմից հետո այդ պետությունների զինվորներն ի՞նչ գործ ունեին Այնթափում, Ուրֆայում, Մարաշում, Ստամբուլի մեջ: Այն ժամանակներո՞ւմ էլ էին ամենուր դեմոկրատիա (ժողովրդավարություն – ծնթ. թարգ.) տարածում:

Այս հարցերի պատասխաններին և այս պատասխանների ոգուն, այս ոգուն համապատասխան պատասխանատվությանը տեր  չեղող «առերեսվելու կոչերով» հայտարարությունները, խորհրդարանական որոշումները, բարձր բեմերից հնչող երկարաշունչ ճառերն ազնիվ, իրական, անկեղծ կարո՞ղ են լինել:  Արևմուտքն այս մեղքերի բեռից արդյոք կարո՞ղ է փրկվել՝ միայն ճանաչելու որոշումներ առնելով ու Թուրքիային ուղղված կոչերով հանդես գալով:

Իմ տեսակետն այն է, որ իսլամ և գաղթյալ դիմակայության և այլ որոշ քաղաքական կրքերի մեջտեղում հայերի ցավն արևմտյան երկրների համար հաճախակի վերածվում է Թուրքիայի դեմ հաղթաթուղթ կիրառելու հնարավորության: Անկասկած, կան բարի մտադրության տեր, ազնիվ և պատասխանատու մարդիկ, ակտիվիստներ, քաղաքագետներ, սակայն ես հակված եմ հավատալու, որ Արևմուտքի՝ հայկական հարցի շուրջ մինչ օրս ցուցաբերած ընդհանուր վերաբերմունքը ոչ թե ինչ-որ վեհ արժեքների և արդարությանը հասնելու ցանկությամբ է պայմանավորված, այլ՝ սեփական «ազգային շահի» որոնման մղումով: Անգամ հավատալ ասելն էլ ճիշտ չէ, ահա ապրում և տեսնում եմ, որ ամեն ինչ հենց այդպես էլ կա: Ի՞նչ ազնվության, ի՞նչ ճշմարտության մասին կարող է խոսք գնալ, եթե Ֆրանսիան, այդուհետ Թուրքիայի հետ ռազմական գնումներ իրականացնելու հնարավորությունից զրկվելու վտանգին ի պատասխան, և ԱՄՆ Մերսինում ռուսական ռազմաբազայի բացվելու հնարավորության սալվոյին ի պատասխան հետ են կանգնում իրենց՝ հայերի համար արդարության հաստատման կոչերից:

Իհարկե, աշխարհով մեկ սփռված և այսօր իրենց մշակույթը, լեզուն, ինքնությունը և քաղաքական կյանքը վերականգնել աշխատող հայերից էլ ցանկություններ ունեմ: Սրանց գագաթնակետն էլ այն է, որ իրենց շատ լավ իմացած, իրենց փեշի մեջ հավաքած ցավի, ընտանեկան պատմությունների, տատիկ-պապիկների հիշողությունների վրա դողալով՝ բաց չթողնեն ապագա կառուցելու լավ հեռանկարը: Հնարավոր է՝ ուրիշներն այլ կերպ են մտածում, սակայն ես հավատում եմ, որ ամեն տեսակ ազգայնապաշտական թալակներից հեռու մնալու դեպքում դա հասանելի է: Այն իրական է, հատկապես, եթե կարողանանք հասկանալ, որ Թուրքական պետությունը և թուրքերը տարբեր եզրեր են: 1915-ի դեպքերի և հաջորդող մերժումների համար մարդկանցից և ժողովուրդներից չէ, որ պետք է պատասխանատվություն պահանջել, այլ՝ պետություններից և նրանց ներկայացուցիչներից: Հարկավոր է գիտակցել, որ թուրքերը, ամեն մի թուրք  Թուրքիո պետության մեղքերի և  ստերով հյուսված պատմության զոհն է: Գուցե անհրաժեշտ է հարցին մոտենալ՝ քրիստոնեական մոտեցումը մտքում վառ պահելով հանդերձ, ասել է թե, հարկավոր է մտածել, որ «Չգիտեին: Իմանային, արդյոք այդպե՞ս կվարվեին (և այսօր էլ այդպես է)»: Պետք է ուղիներ փնտրել, որոնք թույլ կտային բացատրել և կտանեին դեպի խաղաղություն ու արարում:

Անցյալում ապրած և այսօր սաստիկ կերպով զգացվող զայրույթն այնտեղ է՝ յուրաքանչյուր հայի սրտում: Սակայն կարևոր է, որ այս զայրույթին թույլ չտրվի քայքայել մեզ՝ վերածելով անբարյացակամ ու զազրելի մարդկանց, թույլ չտրվի մեզ թշնամացնել մեր մշակույթի բնօրրան հանդիսացող հողերի վրա հարյուրամյակներով մեր կողքին ապրած մարդկանց հետ: Մեր տառապանքն ընդունվելու է, ճանաչվելու է ասելով՝ պետք չէ ընկնել ինչ-որ շահամոլ քաղաքական հաշիվների հետ նույն ալիքի վրա: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրիս ընտանիքում անպատճառ եղած զոհերի հուշերին հարգանք ցուցաբերելիս՝ ցավը և հիշողությունը չշրջապատենք բացասական արժեքներով:

Շատուշատ հայերի համար ընդունելը շատ դժվար է, գիտեմ, սակայն ես հավատում եմ, որ այն, ինչ լավ է թուրքերի համար, լավ է նաև հայերի համար: Թուրքիայում առավել լայն ժողովրդավարությունը լավ է թուրքերի համար, հայերի համար էլ է լավ: Միայն դեմոկրատական Թուրքիայի հետ կարելի է խոսել 1915-ի վերաբերյալ: Միայն ժողովուրդների համատեղ խաղաղության մեջ ապրող Թուրքիայում հայերի համար ապագայի հնարավորություն կա: Միայն բարգավաճ Թուրքիան կարող է մտածել հայերի հետ խաղաղություն հաստատելու մասին: Այդ պատճառով հայերի համար բարեբեր է Թուրքիային ոչ թե վատություն, այլ լավություն կամենալ: Սա չի նշանակում հանձնվել թուրքերին ու Թուրքիային և մոռանալ անցյալը: Սա, Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար պայքարին մոտիկից հետևելով, վերջինիս բացած ուղիներով առաջանալով և աշխատելով աջակցել թուրքերին ու հայերին ձեռք բերելու վերափոխման իշխանություն, և՛ անցյալին հարգալից վերաբերող, և՛ ապագա կառուցող կեցվածք է: Սա էլ, օրինակ, Թուրքիային ԵՄ-ից դուրս պահել աշխատելով չի լինի, Թուրքիային բոյկոտելով չի լինի, «թուրքերին հնարավոր չի որևէ կերպ փոխել» և սրա պես ցեղապաշտական համոզմունքերով շարժվելով չի լինի:

Հայերը Թուրքիայից վերջին հարյուրամյակի ընթացքում գրեթե միշտ միայն զուլում, ճնշում, բռնություն են տեսել: Անարգանք, զրպարտություն, վիրավորանք են տեսել: Այս վերաբերմունքի՝ հայերի մոտ առաջացրած զայրույթը չհասկանալը նշանակում է չհասկանալ մարդ արարածին: Սակայն, զայրույթին՝ ինքնությունը նվաճել թույլ տալը կամ չտալը, վերջին հաշվով, նախընտրության հարց է: Նկատի ունեմ՝ բարկությունը պայքարի վերափոխելով, պայքարը դրական արժեքներով առաջ տանելով, ապագայի երազով, վերջին հաշվով,  սեփական ազգային շահը խորհող մի խումբ պետությունների մի խումբ հաշիվների հետ չկապվելով և սեփական պորտալարը կտրելով՝ պետք է զբաղվել այն ապագայով, երբ թե՛ հայերը, թե՛ թուրքերը կհարգեն միմյանց պատիվը: Ոչ թե բանտարկվել, այլ՝ միասին առերեսվել, միասին մաքրվել, կարողանալ միասին շարունակել ուղին...

Կոպիտ ասած, հայերից իմ սպասելիքն ու ցանկությունը սա է: Այնինչ, առկա պատկերին նայելիս, պարզ տեսնում և գիտակցում եմ՝ որքան հեռու ենք այդ համայնապատկերից: Սակայն միևնույն ժամանակ տեսնում եմ, թե ինչպես է օրըստօրե վերափոխվում և լայնանում, առավելապես՝ Հրանտ Դինքի շնորհիվ, Հայաստանի և սփյուռքի մարդկանց մտահորիզոնը, և այդ առթիվ մեծ հույսեր եմ տածում:

Մենք՝ հայերս, պատմությանը հայտնի ամենամեծ հանցագործություններից մեկի զրուցակիցը դարձանք: Մենք ականատես եղանք այս հանցագործության չճանաչմանը, ժխտմանն ու մերժմանը, այդ հանցանքների վեհացմանը: Մենք մեր մահացածներին պատշաճ կերպով թաղել չկարողացանք: Մենք մեր չհուղարկավորվածներին սգալ չկարողացանք: Սուգը, որը մենք պահելու հնարավորություն չունեցանք, մի ահռելի բեռի կարգով բնադրվեց մեր ինքնության մեջ: Մեր տեսած-ապրած արհավիրքները պատմելու միջոցով անիծեցինք ու պախարակեցինք: Մենք մնացինք ապրելու այն անաստված իրականությամբ, երբ ստիպված ենք ապացուցելու մեր սպանվելը, մեր տարած ցավերը, մեր տառապանքը: Սա այն իրականության ամենից անողոք կերպն է, որ կարող էր բաժին հասնել որևէ մի ժողովրդի: Մեր խելագարությունը, մեր խենթությունը սրանից է:

Սակայն ապրեցինք, շարունակեցինք, ողջ մնացինք: Մեր ցավով և մեզ բաժին հասած անեծքով, մեզ հատուկ խենթությամբ հանդերձ ուղի կերտեցինք: Կորցրեցինք, սակայն ինչ-որ բաներ էլ հաջողեցինք: Հայերենը փոքրիշատե պահպանեցինք: Մեր այբուբենը, մեր երգերը, դպրոցները, եկեղեցիները, մեր գրականությունը պահպանեցինք: Հայ լինելուց չուրացանք: Մեր հնարավորությունների չափով երկրի տեր եղանք: Պայքարելու մի մեծ վճռականություն ունեցանք: Կովկասում՝ քարերից բաղկացած մի տարածաշրջանում, թեկուզ փոքր, բայց երկիր կերտեցինք: Թուրքիո մեջ, չնայած ամեն ճնշման, հայ մնացինք, ոչ հայերին «բոլորս հայ ենք» ասել տվեցինք: Սփյուռքում՝ տարբեր երկրներում, չտիրապետելով այդ երկրների լեզուներին, կյանք կառուցեցինք, չոչնչացանք, արարեցինք, մեր ապրած երկրների մշակույթի մեջ մեր վաստակը ներբերեցինք: Ապրեցինք:

Ասել է թե, ծրագիրը չհաջողվեց:

Ասել է թե, Էնվերը, Թալեաթը և Ջեմալը, այսինքն՝ նրանց մարդիկ ձախողվեցին:

Ձախողվեցին բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե կկարողանան ասպարեզից վերացնել մի ողջ ժողովուրդ և դրանից օգուտներ քաղել: Դահիճները կորան-գնացին, սակայն նրանց հիշատակը վառ պահել ցանկացողների պայքարն իր հանգրվանը չգտավ: Ինչպես դեռևս սրանից մի քանի տարի առաջ Հալեպի մեջ մի գրականասեր հայ ծերունի շշնջաց իմ ականջին, «հայերը ձկան ոսկորի պես մնացին թուրքական պետության կոկորդին»: Ավելին, արդարության իրենց փնտրտուքներում հայերին միացան թուրքեր, քրդեր և այլազգի ուրիշ մարդիկ ևս:

Նրանք չկարողացան հաջողել: Մենք և մեզ պես մարդիկ հաջողեցին:

Իմ ծերունի բարեկամն այսպես ասաց. «Կոկորդներին ձկան ոսկորի պես մնացինք, մի ահռելի երկիր իրենցը եղավ, բայց չեն կարողանում հանգստություն գտնել»: Իրավացի էր: Սակայն ահա ես այլևս չեմ ուզում լինել կոկորդում կանգնած ձկան ոսկոր:

Ահա թե ինչ եմ ուզում ողջ աշխարհից, թուրքերից, հայերից, քրդերից, ամենքից. ինձ ազատե՛ք իմ կոկորդին մնացած այդ ձկան ոսկորի, որևէ մեկի կոկորդին կանգնած ձկան ոսկորի կարգավիճակից:

*

Գրվածքս ահա այստեղ ավարտվում է, սակայն անհրաժեշտ եմ համարում ևս մեկ բան հավելել: Պիտի կարծեմ՝ հասկացողներ գտնվեցին՝ այսչափ էջերի վրա գեթ մեկ անգամ ցեղասպանություն բառը չօգտագործեցի: Ոչ այն պատճառով, որ իբր կարծում եմ, թե տեղի ունեցածները ցեղասպանություն չէր: Ընդհակառակը, եթե ցեղասպանություն կոչված եզրույթ գոյություն ունի, հայերի գլխին եկածները բառացիորեն այդ սահմանման օրինակն են: Այստեղ քննարկելու բան էլ չկա: Սակայն ինձ համար խնդիրը տեղի ունեցածը որպես ցեղասպանություն սահմանել-չսահմանելը չէ: Թե ինչ է տեղի ունեցել, գիտեմ այնքան լավ, որքան լավ գիտեմ, որ անունս Ռոբեր է, և եթե վերոհիշյալ ամեն ինչ, այն ամենն, ինչ փորձեցի բացատրել, իրականություն դառնա, պատրաստ եմ հավետ մոռանալ ցեղասպանություն բառը:

Մեր տանն այս խնդիրները երբևիցէ չեն բարձրաձայնվել: Սակայն, երբ 7-8 տարեկան երեխա էի, Սվասում ծնված և հայերեն չիմացող հայրիկիցս լոկ մի բառ լսեցի: «Ջարդ» ասաց:  Հետո իմացա՝ ինչ է նշանակում. թուրքերեն թարգմանաբար «Kesim» (հատում, կտրում, կոտորում – ծնթ. թարգ.) կլինի: Դաշույնը դեմ ես տալիս մեկի կոկորդին ու կտրում այն. ահա թե ինչ է այն նշանակում: Ավելի լայն իմաստով էլ «Kırım» (բնաջնջում, ամբողջական, մասայական ոչնչացում, եղեռն  – ծնթ. թարգ.) է նշանակում: Ցեղասպանություն եզրույթը մերժողներին ուզում եմ հարցնել. «Ջարդ»-ը ձեզ համար ցեղասպանությունից ավելի՞ թեթև է:

***

 Թարգմանությունը Օքսանա Կարապետյանի

 

 

Թուրքական պատմություններ

Պատմվածք առաջին

Դիմացը` թուրք

Քաղաքը դուրս ցատկեց թանձր մթից ու կախվեց մեր գլխին, ինչպես մի առասպելական հրեշ` շունչը խոնավ ու ծանր: Լույսը սկսեց բացվել հատվածաբար, ուրվագծելով հսկա մարմնի բոլոր մասերը` Ստամբուլն արթնանում էր: Մենք, որ ամեն առավոտ մի հայացքով հատում ենք Երեւանի սահմանը, բախվում Մասիս սարին ու ետ թռչում, դժվարացանք ընկալել մթությունից հառնող այդ հրեշի չափը: Ու մինչեւ կփորձեինք գիշերային թքիչքից էլ ավելի ծանր մտքերից չարչարված մեր ուղեղներում ամբողջացնել տեղանքը, հրեշը մեզ կուլ տվեց: Հետո ժայթքեց օդանավակայանի հակառակ կողմի հարթ ճանապարհին եւ սկսեց հետապնդել: Քաղաքից սրնթաց փախչող մեր մեքենայի ապակիների վրա կուտակվող անձրեւի մանր կաթիլներով էր արտահայտվում մեզ հետապնդող Ստամբուլի շունչը, ու մենք փորձում էինք օդորակիչի` ինչպես արհեստական ապարատի միջոցով կարգավորել մեր շնչառությունը, քաղաքի հեւոցին համընթաց:

Գնում էինք հանդիպելու նրա բանագնացներին, գնում էինք որսալու նրա հայացքը, գնում էինք տեսնելու նրան` թուրքին, որին միայն հիշում էինք մեր անցյալի մղձավանջից:  Գնում էինք պարզելու, թե ո՞վ ենք մենք, ո՞վ է այն հայը, որ կոչվում ենք, եւ ո՞վ է թուրքը` մեզ դեմ-հանդիման:

Կարթեփե հյուրանոցի համարում, գիշերային թռիչքից հոգնած, նիրհս ահաբեկեց իմ նախորդ կյանքից ինձ հետապնդող ազանի ձայնը: Վեր թռա սրտիս զարկերի դոփյունից ու չգիտեմ թե իմ մանկության սերտած տողերից ո՞րը հիշեցի շատ հստակ. «…լուսինը կեռ յաթաղանի պես կախվել էր Շուշվա երկնքում»… Բայց լուսին չկար ու Շուշին հեռու էր: Մեր արեւը մեր ետեւից չէր հասել, մնացել էր Թուրքիայի երեսը ծածկող քողի տակ եւ միայն հեռվից, այդ քողի միջով մի շող էր ուղարկել հյուրանոցի պատուհանից ներս թե. ել` լվացվիր:  Դուրս եկա պատշգամբ: Իզմիթ կոչվող տեղանքը պարուրած թավ կանաչը շոյեց հայացքս, որ մի անհասկանալի տենդով փնտրում էր մոլլայի ձայնի ուղղությունը: Մինարեթներն ամենուր էին ու դրանցից անջատվող ազանը որոշեցի խլացնել ցնցուղի շիթով: Երբ իջա հանդիպման վայր, Իզմիթի թուրքերն արդեն տվել էին իրենց Աստծուն հասանելիք կեսօրի  տուրքը:

Հյուրանոցի ժողովի սրահում զով էր` շնորհիվ արհեստական շնչառության ապարատների: Ցեղասպանության հարցի մասին խոսելու նպատակով մեկտեղված հայերն ու թուրքերը` երիտասարդ սերնդի բավականին մեծ խումբ, տեղավորվում էին հսկայական սեղանի բոլորը: Լարումը քողարկված էր փոխադարձ ժպիտների, քաղաքակիրթ պահվածքի եւ զուսպ բարեւների տակ: Ես փորձում էի որսալ մարդկանց հայացքները: Կապույտ, կանաչ ու հասած զեյթունի պես սեւ աչքերով աղջիկների ու տղաների հայացքները ջինջ էին ու հարցականներով լի: Հերթով ներկայանալու եւ ծանոթանալու գործընթացն ինձ թվաց հավերժություն: Ամեն մի մասնակցի ինքնակենսագրական կարճ պատմությունն ինձ համար կերպարներ էր հյուսում` հեռու անցյալի, եւ միայն հաջորդ օրը, երբ նրանք սկսեցին խոսել այս պահին հուզող իրենց հարցերից, ժամանակն իր տեղն ընկավ: Նրանց ձայնի մեջ ցավ ու արցունք հնչեց, ու չգիտեմ էլ, սփոփե՞ց, արդյոք, մեզանից ավելի դյուրազգացներին: Բայց ջահելությունն իր գործը արեց` ստեղծեց թաց վերքը չորացնող այն բալասանը, որը հեքիմի բաղադրատոմսի պես երկար պիտի բուժի, բայց շատ հիմնավոր: Միայն թե` համբերություն լինի ու վստահություն, որ կապաքինվենք: Ընդ որում` ապաքինվելու ենթակա պիտի լինի հենց ջահել օրգանիզմը, որի դիմադրողականությունն ավելի բարձր է: Իսկ ահա տարեցների համար այդ բալասանը կարող է լինել ցավազրկող միայն: Եթե, իհարկե, դրա կիրառությունը հանկարծ չընդհատվի:

Խոսեցինք անկաշկանդ ու շատ սրտաբաց: Խոսեցինք այն մասին, որ 1915-ին ու դրանից էլ վաղ Օսմանյան Թուրքիայում իրականացվել է ազգերի կոտորած` հայերի, հույների: Խոսեցինք այն մասին, որ մեզանից ամեն մեկի ընտանիքի պատմության մեջ այդ կոտորածներից լճացած արյուն կա: Խոսեցինք ու արտասվեցինք, չփորձելով անգամ թաքցնել այդ արցունքները` ոչ մենք, ոչ թուրքերը, ոչ էլ քրդերը` թուրք վաթանդաշներ: Այդ զրույցներից երկու թուրքի հնչեցրած խոստովանությունը ստիպեց ինձ կրկին վերաիմաստավորել իմ դիրքերը` մարդկության, պատմության ու իմ ինքնության նկատմամբ: Ստիպեցին կրկին ու կրկին հնչեցնել հարյուր տարի անընդմեջ մարդկությանը հետապնդող տրիվիալ հարցը` «մարդն ինչո՞ւ է մարդ սպանում, թուրքն ինչո՞ւ է հայ սպանում, հայն ինչո՞ւ է թուրքին ատում»…չէ՞ որ մարդ արարածի մարմինը հերձելիս՝ նրա օրգանների ու, հատկապես, սրտի տարբերությունը չի նկատվում, նրա ազգությունը չի նկատվում…

Կանաչ աչքերով մի սիրուն աղջիկ, որը ռեժիսոր էր եւ եկել էր մեզ ցուցադրելու հայերի ու հույների մասին իր նկարահանած վավերագրական ֆիլմերը, պատմեց. «Ես, որպես մարդ, ձեւավորվել եմ իմ պապիկի դաստիարակությամբ, որը, ինչպես ինձ էր թվում մանուկ ժամանակ, մի ազնիվ ու լուսավոր մարդ էր, իր ազնիվ քրտինքով իր հացը վաստակող` պապիկս դերձակ էր: Մի օր, երբ արդեն մեծ էի, համալսարանում էի սովորում ու ինձ հասել էին հայերի մասին տարբեր պատմություններ, պապիկիս հարցրի` մեր գյուղում հայեր եղե՞լ են: Պապիկս ասաց, որ այո, շատ վաղ ժամանակներում եղել են: Ես նրան հարցրի` իսկ ո՞ւր են նրանք: Պապիկս երկար դադար վերցրեց: Նա արդեն ծեր էր: Հետո պատմեց մի պատմություն, ըստ որի` 15 թվականներին, մի գիշեր, մի մարդ ծեծել է իրենց դուռը ու հայտնել, որ հայերն այդ գիշեր որոշել են սպանել գյուղի բոլոր թուրքերին ու թաղել գյուղի սահմանին փորած փոսերում… «Հետո մենք սպանեցինք մեր գյուղում ապրող բոլոր հայերին, բոլորին` տղամարդկանց, կանանց ու երեխաներին… ու թաղեցինք այդ փորած փոսերում»,-պատմեց պապիկս»,-աղջիկը խեղդվում էր իր այդ պատմությունից: Հազիվ զսպելով արցունքները, նա ձեռքը դրեց սրտին ու ասաց. «Ես ի՞նչ անեմ հիմա, ես ի՞նչ անեմ այս պատմության հետ, աշխարհն իմ գլխին փուլ է եկել, չէ՞ որ ես իմ պապիկին սիրում էի աշխարհի չափ, չէ՞ որ նա ինձ համար աշխարհի ամենաազնիվ ու լուսավոր մարդն էր…իսկ հիմա ես արդեն գիտեմ, որ մարդասպանի թոռ եմ»…

Տղան, որ քննարկումների ողջ ընթացքում սահմանափակվում էր միայն ճշտող հարցերով, խոսք ուզեց. «Այն, ինչ ուզում եմ ասել, միգուցե անմիջական կապ չունի այստեղ արծարծվող թեմայի հետ, բայց ուզում եմ խոսել… Մենք ապրում ենք մի տան մեջ, որի պատերին սոսկալի պատկերներով նկարներ են փակցված: Մեր տանը դիակ կա ու մի՞թե հնարավոր է ապրել այդպիսի տանը: Սա մեր բոլորի տունն է ու մենք պիտի շատ մեծ ջանք թափենք` մաքրելու այդ տունը հեղեղած արյունից, պիտի լուսավորենք այդ տան պատերը, թե չէ այսպես անհնար է ապրել… »,-նրա ձայնը դողաց ու բեկվեց, խոցելով ներկաների սրտերը, լճանալով նրանց աչքերում:

Ընդմիջմանը, երբ հայերի խմբով մի տեղ հավաքվել` զրուցում էինք, բոլորը նույն բանն ասացին. «Իմ կողքին նստած թուրքը շուռ եկավ, նայեց աչքերիս ու ասաց` ներիր ինձ այն տառապանքի համար, որ պատճառել ենք ձեզ, ես ամոթախեղդ եմ լինում»:

Յոթ օր շարունակ հայ-թուրքական հարաբերություններին մարդկային կերպարանք հաղորդելու նպատակ հետապնդող հանդիպումների վերջին փուլում, այդ հարաբերություններն արարող դասախոսներից` ազգությամբ քուրդ Բյուլենթ Բիլմեզն իր եզրափակիչ խոսքում ասաց. «Հայեր, դուք շատ փխրուն եք ու բարեսիրտ, այսպես հեշտ չներեք թուրքերին, պահանջատեր եղեք, այնպես արեք, որ ոչ միայն այստեղ հավաքված մարդիկ, այլեւ բոլորը` զղջան իրենց արարքի համար, ներողություն խնդրեն ձեզանից ու հատուցեն»:

Վերադարձին կրկին պիտի անցնեինք Օսմանյան կայսրության հրեշի միջով, որի հետ շփվելու համար մի ցերեկ օր ունեցանք: Նրա դիմագծերում ես իսկապես մարդկային հատկանիշներ հայտնաբերեցի, շատ մարդկային, ու Ստամբուլն ինձ պատկերվեց գեղեցիկ, ճշգրիտ դիմագծերով, առնական, սեւաթույր մի տղայի տեսքով, որը սիրահարվել էր մի հայ աղջկա, իր ձեռքով սպանել նրան ու հիմա արցունք էր թափում իր սիրածի դիակի վրա: Երեկո էր արդեն ու բարակ անձրեւ էր մաղում:

Ախթամարի ստվերը

Առերեսման պահին, որ հարյուր տարի անց էր տեղի ունենում, նրանք հայտնվեցին կողք-կողքի: Նա` անապատի քամու պես այրող ու սրընթաց, ինչպես սեւավոր մի հեծյալ, ինչպես անապատի խորքերին տիրող մի բիդուին, կողքինը` կարծես քչքչան առվակ, լուռ, բայց խոսուն հայացքով, հմայքը` ինքնին ջահելությունը: Ու նա յոթ օր շարունակ փորձում էր որսալ ու կարդալ կողքինի հայացքը: Ինքը թուրք, աղջիկը` հայ, ու այս արձանագրությունն արդեն իսկ մեծ խոչընդոտ էր նրանց արանքում: Ես տղային կանվանեմ`Նա, իսկ աղջկան` աղջիկ:

Հայերի ու թուրքերի միջեւ անկենդան ընկած հարաբերություններին շունչ հաղորդելու համար հավաքված ուսուցիչներ, իրավապաշտպաններ, բարձրակարգ գրականագետներ, պատմաբաններ, լրագրողներ, հրապարակախոսներ եւ ինտելեկտուալներ փորձում էին ամեն կերպ փոխադարձ բարյացակամություն ցուցաբերել եւ ժողովի շրջանակից դուրս, հյուրանոցի այգում, երեկոյան ժամերին խմբերով հավաքվում ու զրուցում էին մինչեւ ուշ գիշեր: Նրանցից ամեն մեկն, իր զուգահեռ մտքերի հետ համատեղելով դիմացինի խոսքուզրույցը, նրա հետ ընկերանալու ջանք էր թափում: Ցածրադիր գոտու տոթ ու խոնավ այգու ծառերի տակ հավաքված մարդիկ մթնոլորտում զվռնող մլակների պարսերի հետ կռիվ տալով, վիճում էին, փորձում ժամանակակից մարդու աչքի չափով չափել իրենց նախնիներից ժառանգած անտանելի բեռը, որպեսզի կարողանան կրել այն, կամ, եթե կհաջողվի` թոթափել:

Իրենք իրենց աշխարհիկ ու աթեիստ համարող թուրքեր, նաեւ բարեպաշտ մուսուլմանների ընտանիքներից սերող թուրքեր, որոնցից առաջինները խոստովանում եւ ընդունում էին հայերի ցեղասպանության  փաստը, իսկ երկրորդները` խուսանավում,  նախորդ դարասկզբին թուրքական կայսրությունում հայերի կոտորածներին իրենց նախնիների ցեղախմբերի մասնակցության մասին տեղյակ, անհարմարության զգացումի դրսեւորումներով քրդեր, լազեր, ալեւիներ ու հայեր ամեն երեկո շփվում էին ու այդ շփումը օր օրի հստակեցնում էր նրանց հարաբերությունները: Քանի որ այդ շփումները բացօթյա էին, չծխողները ծխողներից չէին բողոքում ու ծխողները ստիպված չէին լինում լքել քննարկումները, որ դուրս գան ծխելու: Ու այդ շփումների ընթացքում էր, որ Նա տեսավ մեր տղաներից մեկի «Ախթամար» ծխախոտի տուփը, որի վրա պատկերված էր լեգենդի հեռուներից իր տուփի տիրոջ թոքերի կրակը վառ պահող աղջկա պատկեր: Եվ քանի որ սիրահարվածի համար իրեն շրջապատող ամեն մի մանրուք անմիջապես զուգորդվում է իր սիրածի հետ ու սրտի թրթիռ առաջացնում, Նրան հուզել էր «Ախթամարի» լեգենդը, որ պատմել էր ծխախոտի տուփի տերը: Բայց, ինչպես բնօրինակ մարդ ու բնօրինակ ասպետ, Նա խնամքով էր պահում իր սրտի թրթիռը, մարդկանց աչքերից հեռու էր պահում: Նա թերեւս նույնացրել էր իր զգացմունքն այդ լեգենդի հետ, չնայած, որ ինքն անապատների տարերքներին էր ներդաշնակում, բայց աղջիկը նման էր ծխախոտի տուփին պատկերված ուրվանկարին` երկար մազերով, բարալիկ մի ուրու: Ու տղան հալումաշ էր լինում աչքի առաջ, բայց այնպես, որ ոչ ոք չտեսնի: Միայն աղջիկն էր քաջատեղյակ Նրա զգացմունքներին եւ փափկամազիկի պոչը խաղացնելով սահում էր թավ այգու անկյուններն՝ իր ետեւից կանչելով Նրան: Բայց Նրա տրամադրությունն, ամեն անգամ այդ անկյուններից երեւալիս, առանձնապես հաղթական չէր լինում: Ու հասկանալի էր դառնում, որ Նրա պարտության մեղավորը ցեղասպանությունն է, որ աղջիկը հնարավոր է, որ վրեժ է լուծում, որ նրանց միջեւ միլիոնավոր մարդկանց թափված արյան լճեր կան, որ, ի վերջո, աղջիկը չի կողմնորոշվում, որովհետեւ ինչպես նրա հայրենակիցն է ասել իր հայտնի ստեղծագործության հերոսի շուրթերով` «Համայնքը զորավոր է, համայնքը չի ընդուներ»:

Բայց մի օր երեքս էլ հայտնվեցինք մի սեղանի շուրջ, ու քանի որ աղջիկը գիտեր եւ հայերեն եւ թուրքերեն, որովհետեւ Ստամբուլից էր, ես նրան խնդրեցի թարգմանել տղային ուղղված իմ մի քանի հարցը.

-Ձեր ընտանիքը պահպանողակա՞ն է, կրոնակա՞ն է:

-Ոչ, մենք աշխարհիկ մարդիկ ենք, ես աթեիստ եմ:

-Ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է սեր թուրքի ու հայի միջեւ:

-Կարծում եմ՝ հնարավոր է:

-Եթե դու սիրահարվես հայ աղջկա, կասե՞ս նրան այդ մասին եւ որքա՞ն լուրջ կլինի քո մտադրությունը, կամուսնանա՞ս նրա հետ:

-Այո, իհարկե, ես խնդիր չեմ տեսնում:

-Իսկ ծնողներդ կընդունե՞ն հային:

-Իհարկե, մայրս երազում է, որ ես ամուսնանամ ու նա շատ երջանիկ կլինի:

Նույն հարցերը ես տվեցի աղջկան` հայերեն: Նա լարվեց: Ուշադիր լսում էր, թե աղջիկն ի՞նչ կպատասխանի, չնայած, որ չէր հասկանում հայերեն: Երբ հասա այն հարցին. «Կամուսնանա՞ թուրք տղայի հետ, թե՞` ոչ», աղջիկը շփոթվեց այնքան նկատելի, որ տղան քաղաքավարությունից դրդված վեր կացավ, ներողություն խնդրեց ու ասաց, որ պիտի գնա: Աղջիկը երկար դադարից հետո հմտորեն շրջանցեց սիրահարվելու մասին հարցս ու ասաց, որ ընկերություն կարող է անել թուրք տղայի հետ, բայց չի ամուսնանա: Հարցիս, թե. «Ինչո՞ւ», նա  իր անփորձ, բայց տեսականորեն կոփված հայացքը հառեց ինձ ու ասաց. «իսկ եթե ես տղա՞ ունենամ»…: Ես չհասկացա նրա պատասխանը ու փորձեցի պարզել, բայց աղջիկն էլ գնաց, քանի որ կանչեցին ժողովի:

Մոռացած այս կարճ զրույցն ու անկեղծորեն ձանձրացած նրանց ջահելական խաղից, հանդիպման վերջին օրը հանկարծակիի եկա: Խառը խմբերի բաժանված` հարցի քննարկման մասնակիցները պետք է հային ու թուրքին միավորող մի թեմա ներկայացնեին:  Նա ու աղջիկը տարբեր խմբերում էին: Առաջինը ներկայացավ Նրա խումբը, «Ընդհանուր խոհանոց» թեմայով` ուտեստների լուսանկարներ Google-ից ու բաղադրատոմսեր, որ նույնն են ե՛ւ հայկական, ե՛ւ թուրքական խոհանոցներում: Կարծես թե սրտառուչ թեմայի հետ առանձնապես կապ չուներ, չհաշված «Ստամոքսի միջով է անցնում դեպի տղամարդու սիրտը տանող ճանապարհը» անխափան գործող ռուսական իմաստնությունը, բայց այդ խմբի թեման ներկայացնող տեսապատկերը Ախթամարի վանքի լուսանկարն էր, ու խմբի անունն էլ` «Ախթամար»: Նրա ներդրումն էր` կրկին շատ նուրբ ու քողարկված:

Աղջիկը, որ մի ամբողջ շաբաթ տեղի ունեցած բուռն քննարկումների ողջ ընթացքում կյանքի նշույլ այդպես էլ չցուցաբերեց ու, եթե ես նրա հետ միջանցքում չխոսեի ու չխնդրեի թարգմանել Նրան ուղղված մի քանի հարցս իմ հոդվածի համար, որ գրեցի այդ օրերին, ու նաեւ հայի ու թուրքի միջեւ հնարավոր սիրո մասին մի երկու հարց, կկարծեի թե լալ է, այդ օրը մի երկու նախադասություն ասաց իր խմբում, որն ընտրել էր «Սերը հայի ու թուրքի միջեւ» թեման: Խումբը մի թատերական ներկայացում էր պատրաստել հայ ընտանիքի ու թուրք ընտանիքի մասին, որոնց երեխաները սիրահարվել են ու որոշել ամուսնանալ, եւ այդ ընտանիքի անդամները հայտնում են իրենց կարծիքները: Բայց մինչ այդ, նրանք իրենց խմբի մասնակիցների շրջանում հարցումներ էին արել ու կարդում էին «Կամուսնանա՞ս հայի հետ, եթե թուրք ես ու` թուրքի հետ, եթե հայ ես» հարցման պատասխանները, որոնցից մեկն անանուն էր, հետեւյալ բովանդակությամբ. «Ես չեմ ամուսնանա թուրք տղայի հետ, որովհետեւ, իսկ, եթե տղա՞ ունենամ»: Ինձ համար թեպետ ձեւակերպումը կրկին անհասկանալի մնաց, բայց ճանաչելի էր: Կարծում եմ, այդ աղջիկն ընդամենը չէր կարողացել հստակ ձեւակերպել իր միտքը, չնայած ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ իր, դեռեւս անփորձ հասակի խորամանկ բնավորության համաձայն էր միգուցե կիսատ ձեւակերպել միտքը, որն, ամեն դեպքում, կարելի է թարգմանել պարզեցված հայերենով, եւ, որը նշանակում էր, որ նա վախենում է, որ թուրքից ծնված իր որդու ետեւից հայերը կկանչեն բիճ կամ թուրքի լամուկ:

Ես չիմացա, թե ինչպես ավարտվեց թուրք տղայի սիրահարության պատմությունը եւ ի՞նչ հարաբերությունների մեջ մնացին նրանք` ընկերակա՞ն, ինչպես կցանկանար աղջիկը, քանի որ ակնհայտ էր, որ տղան հուզել էր նրան, թե՞ ընդհանրապես խզեցին կապերը: Բայց ես, անկեղծ ասած, նրանց հարաբերությունների մեջ սիմվոլիզմ էի փնտրում ու մտածում էի, որ միգուցե ճիշտ կլինի, որ թուրքից ու հայից մի երեխա ծնվի, որը չի լինի թուրք ու չի լինի հայ:

Թուրքական պատմություններ. Վարդուհու Շչելկունչիկը

Իմ թուրքական պատմություններ շարքի վերջին` երրորդ պատմությունն է: 

Սա Վարդուհուն հենց տեսավ` խփնվեց: Չէ, չսիրահարվեց, չհրապուրվեց, չգայթակղվեց, չտպավորվեց... կամ էլ էս ամեն ինչը միասին`խփնվեց: Վարդուհուն էլ Վարդուհի մի ասա, մի սարի ծաղիկ ասա` փթթուն, բարեմասնություններն ախորժալի, հայի աչքերը` երեսով մեկ, մեջը Լոռվա միամտություն, շուրթերն ալ կարմիր` մորից բնական: Ու ձգեց, քաշեց, գերեց տղային:  Տղան էլ, լենինականցու ասած`թուրուտի: Ժպիտը լայն, աչքերը երեսին չէին կանգնում`  հայացքը լույսի արագությամբ մոտակայքում գտնվող բոլոր կանանց շորերը հանում-հագցնում էր, Վարդուհունն էլ հետը: 

Հայաստանի՞ց եք, դիմեցին ոտքերը շաղոտ Վարդուհուն ու նրա երկու ընկերուհիներին, որոնք ի տարբերություն Վարդուհու, մերձարեւադարձային խոնավ այգու թաց խոտերից ոտքերը բարձրացրել, դրել էին դիմացի բազկաթոռին: Մենակ Վարդուհին էր ոտքերը շաղի մեջ նստել, որովհետեւ ինքը փեշով էր` ոտքերն իրար բերած, խոնարհ նստած էր: Աղջիկները մինչեւ կհասցնեին արձագանքել, Շչելկունչիկն ու իր ընկեր Անտոնը տեղավորվեցին նրանց սեղանի շուրջը:  Թե ինչո՞ւ եմ Վարդուհու վրա խփնվածին Շչելկունչիկ անվանում, հետո կիմանաք, բայց նրա կողքի ընկերոջ անունը դրել եմ Անտոն, որովհետեւ հայրս որպեսզի իրեն հանդիպած անկապ մեկին չվիրավորի, բայց միեւնույն ժամանակ վերաբերմունք ցույց տա, անվանում է Անտոն` իր ռուս հարեւանին, օրինակ, որին կինը պարբերաբար նվաստացնում է եւ առհասարակ, բոլոր նրանց, ովքեր, ըստ իրեն` տղամարդու, այսինքն ասպետի հատկանիշներ չունեն:

Եվ այսպես, ծանոթությունը կայացավ` Վարդուհին ու ընկերուհիները Հայաստանից էին, Անտոնն ու Շչելկունչիկը`մեկը Թուրքիայի ինչ-որ ծովափնյա գյուղից, մյուսն էլ ինչ-որ փոքր քաղաքից: Նրանց միավորում էր 1915-ին Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանության հարցը, որի մասին հավաքվել էին խոսելու` միմյանց նկատմամբ հարյուրամյա ատելությունն ու թշնամանքը հաղթահարելու նպատակով: Տղաները չափից ավելի ուշադիր ու բարեհամբույր էին` վազում էին սուրճ ու սառը ըմպելիք բերելու, վեր էին ցատկում աթոռ մատուցում ու ամեն ինչ անում, որ հանկարծ օտարություն չզգանք: Մի խոսքով, երեկոն անցավ չափազանց բարյացակամ եւ ուրախ մթնոլորտում, չնայած որ զգացվում էր, որ Շչելկունչիկը Վարդուհու վրա խփնված է արդեն: Անտոնն էլ պակաս ժիրը չէր, չնայած Շչելկունչիկին չէր հասնի, որովհետեւ անգլերենը սարսափելի վիճակում էր, ինքն էլ մի տեսակ անհեթեթ տեսքով` չնայած հասուն տարիքին, մանկական խոպոպիկներով, թմբլիկ ու մանր , խորամանկ աչքերով: Սա էլ իր «հմայքն» էր գործի դրել Վարդուհու ընկերուհիներից մեկի ուղղությամբ, որն անմիջապես էր զգացել սրանց մտքինը, բայց զվարճանում էր տղաների ջանքից ու փորձում հասկացնել, որ շատ չոգեւորվեն: Բայց ի՞նչը կարող է միավորել հային ու թուրքին, եթե ոչ ցեղասպանությունը, ու սրանք աղջիկներից պոկ չէին գալիս ու եթե համարում քնած չէին, մնացած ժամանակ խոսում էին ցեղասպանությունից, ախ ու վախ անում ու նշում, որ ահավոր վատ են իրենց զգում: Ու սրանց սրտացավությունը հետապնդող էր այն աստիճան, որ Վարդուհին ու Շուշանը թաքցրել էին իրենց սենյակների համարները, իսկ մյուս ընկերուհին ոչ, որովհետեւ թարսի պես Շելկունչիկի հետ հարեւան սենյակներում էին տեղավորված: Ու Վարդուհու ընկերուհին պարտիզանի պես մինչեւ վերջին օրն այդպես էլ տեղի չտվեց Շելկունչիկի դիվանագիտական մոտեցումներին, որը հենց իրեն տեսնում էր պատշգամբում, դուրս էր վազում` պատի այն կողմից սուրճ փոխանցում, խոսքի բռնվում, բնականաբար ցեղասպանության թեմայով, ու ձեռի հետ առաջարկում գնալ, Վարդուհուն կանչել, որ «մի քիչ զրուցենք, միայն թե սենյակի համարը ո՞րն է~ր:  

Ծանոթության հաջորդ երեկոյան, քննարկումներից հետո, Վարդուհին իր ընկերուհիներով, Շելկունչիկի ու Անտոնի ուղեկցությամբ դուրս եկան հյուրանոց տարածքից ու որոշեցին գնալ տեղանքն ուսումնասիրելու, հատկապես որ խանութից էլ մանր-մունր առեւտրի կարիք էր զգացվել:

Քոջայլի կոչվող տեղանքը, պարզվեց, գյուղ է: Ավան չէ, փոքր քաղաք չէ, գյուղ է որ կա` պաշտոնապես ու առանց քաղաք դառնալու հեռանկարի: Թավ կանաչի մեջ կորած մի դրախտավայր, չնայած որ եղանակը բոլորովին էլ մեր բնությանը չէր համապատասխանում ու տոթից ու խոնավությունից մեկումեջ էինք շնչում: Մինչ Շչելկունչիկը  Վարդուհու ականջին նսած, մի երկու քայլ առաջ էին քայլում, ես, որ Վարդուհու վերոնշյալ ընկերուհիներից մեկն էի, աչքերս չորս արած տեղանքն էի զննում` մաքրությունն աչք էր ծակում, բայց քանի որ գյուղ էր, ես համառորեն բակերում ծանոթ տեսարաններ էի որոնում. կցակառույցներ, տձեւ խորդանոցներ, դռների մոտ դարսած փեդ, քար, խոտի դեզ ու եսիմ էլ ինչ պիտանի ապրանք, գյուղացու տան համար: Չկար ու չկար: Մայթերը բարեկարգ, բակերը կոկիկ ու մաքուր, այգիները խնամված, տները հիմնականում երկհարկանի ու շատ գեղեցիկ: Գյուղի բարձր կենսամակարդակն ուղղակի անզեն աչքով էր երեւում:  Շատ նման էր մեր Երեւանի էլիտար Վահագնի թաղամասին, պարզապես ուղեփակոցի գերաններ չկային, որոնց տակով այստեղ միայն օձն իր պորտով կարող է անցնել, այնտեղ` ով ասես, ազատ էր, գյուղ էլի: Երեկոյան ժամ էր ու գյուղի ժողովուրդը մզկիթներից տուն էր դառնում, հիմնականում մեծահասակներ: Պահը մեզ փոքր-ինչ լարեց, բայց անցորդները հիմնականում բարեհամբյուր էին, չնայած մի երկու տեղ մի երկու խումբ բիձա մեզ հայացքով սղոցեցին,այդ էլ երեւի այն պատճառով, որ կարճ ու բաց էինք հագնված: Գյուղում բոլոր կանայք հիջաբներով կամ չադրաներով էին:

«Վարդուհի, տեսնո՞ւմ ես, երկնքում աստղ երեւաց, այդ աստղը դու ես, դու իմ աստղն ես: Քո աչքերը ինձ գերել են: Ի՞նչ ես ուզում, ես քեզ համար ամեն ինչ կանեմ»,-լսեցինք Շչելկունչիկի ձայնը, որ խլացավ Վարդուհու կչկչոցից: Ձայն տվեցինք, որ շատ առաջ չընկնեն, քանի որ պիտի մտնեինք խանութ մեր առեւտուրն անելու: Շչելկունչիկը եկավ, որ թարգմանի: Հետո դարձավ ինձ ու ասաց «Խանութի տերն է, հարցնում է` որտեղի՞ց ես: Ասե՞մ»: «Այո, ասում եմ, Հայաստանից եմ, հայ եմ»,-դիմում եմ խանութպանին` թուրքերեն: Փոքրիկ խանութ էր, երկհարկանի տան առաջին հարկում, գյուղի կենտրոնական փողոցի երկայնքով ձգված տների առաջին հարկերում գործող խանութներից մեկը: Սա վաճառասեղանի այն կողմում էր, նստած: Վեր կացավ, վաճառասեղանի վրայով մեկնեց ձեռքը, որ ինձ ձեռքով բարեւի: Հետա ասաց, որ ինքը շատ լավ է վերաբերվում հայերին: Մտածեցի` ի՞նչ խորամանկն են, առեւտուրին մուննաթ, բայց ժպտում եմ: «Ես շատ եմ հարգում ձեր ժողովրդին, ես հայ ընկերներ ունեմ...ես գիտեմ, որ դուք մեզանից շատ եք նեղացած...»,-ասաց ու ինքն էլ է ժպտում մեղավոր: Լավ, ասում եմ, մենք պիտի գնանք, ինչքա՞ն պիտի վճարեմ: Նայեմ` Շչելկունչիկը զմայլված նայում է ճակատիս: Հը, ասում եմ, ինչք՞ան է: «Նա խնդրում է, որ չվճարես, նա նվեր է անում»,-թարգմանում է Շչելկունչիկը: Մտածում եմ` տեր Աստված, սրանք չլինի՞ պայմանավորված են, որոշել են մեզ վրա լավ տպավորություն թողնել: Մի քանի րոպե խանութպանին վճարելու փորձ անելուց հետո շնորհակալություն հայտնեցի նրան նվերի համար, նա նորից ձեռքը մեկնեց ինձ հրաժեշտ տալու ու մենք դուրս եկանք խանութից: Արդեն մթնել էր: Ստամբուլում ու արվարձաններում մութը շատ կտրուկ էր ընկնում ու լույսն էլ կտրուկ բացվում: Շչելկունչիկն էլի Վարդուհու ականջին հաճոյախոսություններ շռայլելով երկու քայլ առաջ ընկավ, աստղերը հաշվելով ու երկինքներում սավառնելով, մենք իրենց հետեւից իրենց մասին կատակներ անելով` քայլում էինք:

Մի տան մոտ բոլորս իրարից անկախ կանգ առանք, կարծես պայմանավորված: Այգին այնքան սիրուն ու կոկիկ էր, տան լույսն ու լիալուսինն էլ հետաքրքիր փոխակերպումներով փայլեցնում էին այգում աճող արեւադարձային ծառերի ծաղիկները: Այգին ինձ այնքան հարազատ էր թվում, սիրտս կանգ էր առել: Մի կերպ զսպում էի արցունքներս: Մինչեւ Շուշանն ու մնացածները հերթով թվարկում էին այգու այն ծառերը, որոնք ծանոթ էին, իմ կուրծքը կարծես ճեղքվեց ու դուր թողեց խուլ հառաչանք.«մեր այգուն է նման, տատիկիս տնկած թզենին էլ կա» ու իմ իսկ ձայնից ես ինքս փշաքաղվեցի: Տատիկս` հորս մայրը,  Էրզուրումից էր ու միայն մի անգամ է ինձ պատմել իր մասին ու առաջին հերթին նկարագրել է այգին, բոլոր մանրամասներով` ծառերը, ծաղիկները, տան դիրքն ու վարդի թփերը: Չնայած երեք տարեկան է եղել, բայց հիշում էր, թե ինչպես են իրենց այդ տան բակում մորթել իր վեց եղբայրներին ու հորը, ինչպես են իրեն ու մորը ինչ-որ կանայք քարշ տվել, ինչպես են բռնել գաղթի ճամփան, հետո հասել Թիֆլիս, հետո Ղարաբաղ` Շահումյանի Գաղթուտ գյուղ: Իսկ Գաղթուտում արդեն, նրան են սպանել նույն մեր այգում, էլի այս այգու նման` թզենու, պնդուկի  ծառերով ու վարդի թփերով:

Ես ինձ վատ էի զգում Թուրքիայում, հատկապես առանձին պահերի, բայց միեւնույն ժամանակ փորձում էի ինչ-որ բան հասկանալ, ինքս էլ չիմանալով թե ի՞նչ բան ու վատ զգալուն զուգահեռ ինձ ձգում էր այդ, ինձ համար մթին երկիրը:  Ինձ սթափեցրեց Շչելկունչիկի ձայնը. «նայիր, պնդուկի ծառ է»: «Էս օքյուզը չգիտի էլ է, որ էսի տխիլն ա»,-կատակում էր Վարդուհին ու մենք կչկչում էինք, հատկապես ես, որ փորձում էի թոթափել ինձ վրա հասած հիշողությունները: Մեր այդ կչկչոցից տան դուռը բացվեց ու հիջաբով մի տիկին մաքուր անգլերենով մեզ բարեւեց: Մենք բարեւն առանք ու խոսքի բռնվեցինք: Հերթով գովեցինք նրա այգին ու բակը: Ես առաջ գնացի ու ասացի, որ շատ նման է մեր տանն ու այգուն: Անմիջապես հետաքրքրվեց, թե որտեղից ենք ու պատասխան ստանալով խնդրեց, որ չգնանք, մի քիչ սպասենք, ու ներս գնաց: Քիչ անց ետ եկավ մի մեծ տոպրակ պնդուկով ու առաջարկեց մեզ` «Վերցրեք, հյուրասիրվեք, խնդրեմ»,-ասաց: Մինչեւ մենք շշկռված` չեմուչում էինք անում, Շչելկունչիկը տոպրակը վերցրեց, տիկնոջը շնորհակալություն հայտնեց թե բա. գնացինք:

Մենք շարունակեցինք մեր ճանապարհը Քոջայիլի փոքրիկ գյուղի կենտրոնական փողոցով դեպի մեր հյուրանոցը: Շչելկունչիկն իր տարերքի մեջ էր ընկել: Սա ամբողջ ճանապարհին` մի երեք կիլոմետր երկարությամբ, հետո էլ հյուրանոցի այգում ատամներով ջարդեց  ամբողջ պնդուկն ու հյուրասիրեց Վարդուհուն: Անտոնն էլ մեկ-երկու բուռ  Շուշանի համար ջարդեց, բայց նրա ջարդածն ի՞նչ էր Շչելկունչիկի ջարդածի համեմատ: Խեղճ Շչելկունչիկ, հույսը տխիլն էր մնացել: Բայց մինչեւ ուշ երեկո հյուրանոցի այգում մի հսկայական տոպրակ տխիլի վերջը տալուց ու ջրիկանալուց հետո Վարդուհիս վեր կացավ, մեզ բարի գիշեր ասաց ու շորորալով գնաց քնելու: Ես ու Շուշանը սպասեցինք, որ Վարդուհին անհետանա հյուրանոցի դռներում, որ հետո մենք էլ գնանք արդեն: Շչելկունչիկն էլի մնաց շիվար ու ճակատիս էր նայում: Ես արդեն հասկացա թե ի՞նչ պիտի ասի ու երկուսս էլ նույն պահին բարձրաձայնեցինք. «Վարդուհու սենյակի համարը ո՞րն է~ր»:

Գայանե Առուստամյան

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը մեկնարկում է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին:
Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի շրջանակներում անհատները և կազմակերպությունները հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով: Դրամաշնորհների մրցույթը կհայտարարվի 2014թ. ապրիլ ամսվա ընթացքում:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

  Նորություններ հարեւաններից